Ամառ էր։
Ավետիք Իսահակյանը հանգստանում էր Ծաղկաձորում։
Երեկոյան՝ խարույկի շուրջ հավաքված պիոներները երգում ու ասմունքում էին։
Հավաքին ներկա էր նաև Օֆելյա Համբարձումյանը:
Վարպետը, լսելով երիտասարդ Օֆելյա Համբարձումյանի երգի ձայնը, մոտենում է, համբուրում նրա ճակատը` կանխատեսելով ապագան.
«Աղջի՛կս, դու մեծ երգչուհի ես դառնալու. հուզեցիր հոգիս»:
Տասնյակ տարիներ անց, երբ Իսահակյանը հիվանդ էր, իսկ բժիշկներն արգելում էին նրան անկողնուց վեր կենալ, հանկարծ ռադիոն հայտարարում է, որ շուտով ելույթ է ունենալու Օֆելյա Համբարձումյանը:
Իսահակյանը շտապ ձայն է տալիս հարսին.
-Բելլա՛, շորերս բե՛ր, պիտի հագնվեմ:
Հարսը հակառակվում է.
-Ա՜խր, հայրի՛կ, քեզ չի կարելի վեր կենալ:
Իսահակյանը բարկանում է.
-Բելլա, չե՞ս հասկանում , Օֆելյա Համբարձումյանի պես երգչուհուն պառկած չպիտի լսես…
Իսահակյանը հագնվում է, նստում իր աշխատանքային սեղանի դիմաց ու մինչև վերջ լսում է համերգը:
Հարսը հիշում է, որ համերգի ավարտին Իսահակյանը հուզվել է, արտասվել…
Ավետիք Իսահակյանի՝ իրական հիմքի վրա գրված «Սիրեցի յարս տարան» հայտնի բանաստեղծության առաջին կատարողը եղել է
Օֆելյա Համբարձումյանը։
Ջուլիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ